«Խորհրդային Հայաստանի դպրոցի հաջողությունները պայմանավորված էին Մանկավարժական համալսարանի պատրաստած ուսուցիչներով: 90-ամյա պատմության ողջ ընթացքում բուհը կրել է Հայաստանում կրթության ապահովման, մասսայականացման, կազմակերպման բարդ խնդիրը՝ նպաստելով այլ մարզերում եւս մանկավարժական բուհերի ստեղծմանը»,- Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդում կայացած  նիստում հայտարարել է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա շնորհավորել է  պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին բուհի հոբելյանի առթիվ՝ նշելով, որ մեծ  պատիվ է  լինել հանրակրթական ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնող Մանկավարժական համալսարանի մի մասնիկը. «Բուհն այսօր ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություն է, երկրի խոշորագույն կրթական կենտրոններից մեկը, այլեւ մի օջախ, որի հետ շաղկապված են հանրակրթական ոլորտի բարեփոխումներն ու հաջողությունները»:

Արմեն Աշոտյանը կարեւորեց նաեւ համալսարանի որդեգրած նոր ռազմավարությունը. «Ներկայում բուհն ապրում է ամենակարեւոր եւ դժվարին ժամանակներից մեկը՝ ընկղմվելով այն ռեֆորմների հորձանուտում, որում ներգրավված են կրթության բոլոր ոլորտները: Բուհը՝ հանձինս  ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, Կառավարման խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կոլեկտիվի ջանքերով եւ ուսանողների ներգրավմամբ ունի  հավակնոտ նպատակներ, իսկ արժանահավատ արդյունքների  հասնելու  համար ունեն  սթափ պատկերացումներ»:

Նախարարը վստահեցրեց՝ բուհն իր գործունեության շնորհիվ նախարարության կողմից մշտապես արժանանում է հատուկ ուշադրության. կոլեկտիվի լավ աշխատանքի  շնորհիվ այստեղ իրականանում են պետության կողմից դրվող գերակայություններն ու կյանքի կոչվում առաջնահերթ բարեփոխումները:

Միջազգային համագործակցության  լայն դաշտ, ոչ միայն կրթական, այլեւ գիտահետազոտական առաջատար հաստատություն, առաջադեմ, ժամանակակից գիտելիքներով զինված շրջանավարտներ», այսպես բնորոշեց նախարար Արմեն Աշոտյանը՝ հետադարձ հայացք նետելով 90-ամյա պատմություն ունեցող Մանկավարժականի գործունեության վրա:

Հանդիպման ավարտին նախարարը երկարամյա անբասիր գործունեության համար բուհի մի շարք  դասախոսների  հանձնեց պատվոգրեր:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Բրուտյանը  նախարարին պարգեւատրեց «Դավիթ Անհաղթ» մեդալով: