Շվեդիայում գտնվող Fair Trade Center-ը հրապարակել է զեկույց, ըստ որի, Թուրքիայում եւ Թաիլանդում տուրզիմի ոլորտում կոպտորեն խախտվում են աշխատակիցների իրավունքները։
Ինչպես տեղեկացնում է ANF գործակալությունը, Fair Trade Center-ի հետազոտություններով՝ վերջին տարիներին Շվեդիայի քաղաքացիներն ավելի շատ են նախընտրում հանգստանալ Թուրքիայում, ինչի հետեւանքով ուշադրություն է դարձվել Թուրքիայում տուրիզմի ոլորտում տիրող իրական պատկերի վրա։
«Արեւի լույսը հեքիաթ չէ» անունը կրող զեկույցում նշվում է, թե Անթալիայի եւ Ալանիայի գլխավորությամբ Թուրքիայի տուրիզմի ոլորտում աշխատում են մոտ 2 մլն հոգի։ «Մեծամասնությունն աշխատում են ամառային ժամանակահատվածում՝ 4-ից մինչեւ 9 ամիս։ Նրանց վաստակած գումարը կազմում է տարեկան 3000-ից մինչեւ 6000 լիրա, իսկ աշխատակիցների 30 տոկոսը գրանցված աշխատող չէ։ Չգրանցված աշխատողների մեծ մասը Ռուսաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Ինդոնեզիայից եւ Ղըրղըզստանից են, որոնք զրկված են տարրական բազմաթիվ իրավունքներից։
Որոշ հյուրանոցներում աշխատակիցներին աշխատեցնում են օրական մինչեւ 14 ժամ, վճարում շատ ավելի պակաս աշխատավարձ, որով հնարավոր է ապրել։ Աշխատակիցները վախենալով կորցնել աշխատանքը, չեն միանում արհմիություններին։
Բազմաթիվ գործատուներ ուսանողներին աշխատանքի են ընդունում իբրեւ պրակտիկանտ, սակայն աշխատեցնում են ծանր ռեժիմով եւ վճարում ամսական 200 լիրա (110 դոլար)»,-նշվում է Շվեդական հետազոտական ընկերության կազմած զեկույցում։

























