Եթե նախկինում ձկնադյունաբերող ձեռնարկատերը, ենթադրենք, վայրկյանում ստանում էր 200 լիտր ջուր, ապա հիմա մնացել է 10-20 լիտր եւ մի քանի ամիս հետո դա էլ կցամաքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, ով ՕԵԿ-ից եւ ԱԺ մանդատից հրաժարական տալուց հետո զբաղվում է ձկնաբուծության բիզնեսով: Նրա խոսքով, ներկա պահին հասունացել է ջրօգտագործման եւ արտահանման խնդիրը:

Մասնավորապես, ըստ նրա, գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ չի ձեռնարկում արտահանումը կազմակերպելու համար: Ավելին` նախորդ տարի արտահանող կազմակերպությունների առաջ արգելք  է դրել եւ հիմա միայն մի քանի ընկերություններ են զբաղվում արտահանմամբ:

«Իսկ ջրի հետ կապված կառավարությունն արգելք է դրել խորքային հորեր հորատելու վրա, քանի որ Արարատյան դաշտավայրում մեր ստորգետնյա ջրավազանի հնարավորությունները շատ սահմանափակ են: Եթե ասենք վայրկյանում 100 լիտր ջուր են կարողանում բաց թողնել, տարբերություն չկա 100 հորատար կլինի, թե մեկ, միեւնույնն է  նրանց հնարավորությունները 100 լիտրն է: Սակայն տեսեք ինչ է ստացվում, այն մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ զբաղվել են ձկնարդյունաբերությամբ, նրանց խորքային հորերը լրիվ ցամաքել են, իսկ մարդիկ, ովքեր ունեն շատ մեծ հովանավորներ եւ հնարավորություններ, այսպես ասած, օլիգարխները խնդիր չունեն եւ Արարատյան դաշտավայրը ցամաքեցնում են»,- մանրամասնեց Գագիկ Բաղդասարյանը եւ ավելացրեց, որ  ձկնարդյունաբերողների 30 տոկոսից ավելին ջուր չունենալու պատճառով կամաց-կամաց դադարում է ձկնարդյունաբերությամբ զբաղվել: Իսկ մի մասն էլ էլեկտրական պոմպերով են փորձում «յոլա գնալ»:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ շուկան ցանկանում են իրենց ձեռքում կենտրոնացնել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալները, նա արձագանքեց. «Ես էլ եմ նման լուրեր լսել ձկնարդյունաբերողներից: Նրանք ունեն անսահմանափակ հորեր հորատելու հնարավորություն, իսկ այն մարդիկ, ովքեր չունեն, բնական է, որ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Սակայն այս ամենը մի քանի ամսից էկոլոգիական լուրջ խնդիրներ է առաջացնելու, ինչի մասին նաեւ ահազանգում են բնապահպանները: Եթե նախկինում ենթադրենք վայրկյանում ձեռնարկատերն ուներ 200 լիտր ջուր, ապա հիմա մնացել 10-20 լիտր եւ մի քանի ամիս հետո դա էլ կցամաքի, քանի որ ընդերքում ճնշում չկա»:

Գագիկ Բաղդասարյանը նաեւ ավելացրեց, որ պատգամավոր եղած ժամանակ էլ է բարձրաձայնել այդ մասին, սակայն ոչ մի դրական տեղաշարժ տեղի չի ունեցել: