Հայաստանի ազգային արխիվը Ցեղասպանության զոհերի եւ հայերի տեղահանման մասին 1916թ. գրված հիշողությունների եռահատորյակ է հրատարակել: Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն այսօր՝ նոյեմբերի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ եռահատորյակում ամփոփված են ցեղասպանություն տեսածների՝ հայերի, պարսիկների, թուրքերի, ասորիների, հույների հուշերը:

Գրքերում հավաքվել են նաեւ այն երկրների արխիվների լուսապատճենները, որոնց դեսպանները Ցեղասպանության տարիներին գտնվել են Օսմանյան կայսրությունում: Ավելի քան 400 փաստաթուղթ կհրապարակվի առաջին անգամ:

«Ապագայում մենք պատրաստվում ենք եւս երկու հատոր հրատարակել. մեկը նվիրված կլինի 1918 - 22թթ. կոտորված եւ տեղահանված կիլիկիահայերին, երկրորդը՝ Արեւմտյան Հայաստանից դուրս՝ Կոստանդնուպոլսում  եւ Թուրքիայի կենտրոնական նահանգներում բնակվող հայերին », – հայտնել է Վիրաբյանը:

Արխիվի ծրագրում է օսմանյան իշխանությունների կողմից տեղահանված հայերի ունեցվածքի մասին փաստաթղթային տվյալներով 20-հատորյակ հրատարակել: Արդեն 25 հազար էջ նյութ է հավաքվել: «XX դարի երկրորդ կեսի ազգագրագետների հարուստ հավաքածուից մեր աշխատանքը տարբերվում է նրանով, որ բերված են ընդամենը մեկ տարվա վաղեմության հիշողություններ՝ Ցեղասպանություն տեսած եւ ապրած մարդկանց հարցման են ենթարկել ընդամենը մեկ տարի անց: Ոմանք իրենց հիշողություններն անձամբ են գրել, օրինակ՝  Խարբերդից եկածները:   

1000 օրինակ տպաքանակով լույս տեսած եռահատորյակը մեկ տարվա ընթացքում նախատեսվում է թարգմանել անգլերեն եւ թուրքերեն:  «Գիրքը հրատարակվել է «Վան» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որին մենք ցանկանում ենք ջերմագին շնորհակալություն հայտնել», - եզրափակել է Վիրաբյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am