Հայաստանում շատ ուժեղ է Ցեղասպանության մասին հավաքական հիշողությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանում անցկացվող «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկան» գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Հրանուշ Խառատյանը:

«Հայաստանում բացարձակ դոմինանտ է անհատական ընտանեկան հիշողությունը Ցեղասպանության եւ այն սարսափների մասին, որոնք վերապրել են այսօրվա մարդկանց նախնիները: Այդ «պոստ-հիշողությունը» մանրամասնորեն պահպանում է ոչ այնքան հեռու անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հիշողությունը: Եթե անդրադառնանք Թուրքիայում անցկացվող նմանատիպ հարցումներին, ապա դրանց արդյունքներով դժվար է խոսել որեւէ միմյանց վստահելու վրա հիմնված հարաբերությունների մասին: Թուրքիայում նման հարցումներին մասնակցածները անդրադառնում են միայն տեղահանության խնդրին, նույնիսկ փորձելով բացատրել դրա նշանակությունը Թուրքիայի համար»,-նշեց Խառատյանը:

Նրա կարծիքով, իշխանությունների կողմից յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է նոր մոտեցումների կիրառմանը, բախվում է այդ հավաքական հիշողությունը կրողների կոշտ դիրքորոշմանը: «Փոխարենն ի՞նչ ունենք Թուրքիայում: Մասնավոր առաջադեմ խմբեր, որոնք Ցեղասպանության համար ներողություն խնդրելու որոշակի հասարակական մոտեցում են ձեւավորում: Բայց ի՞նչ է տալիս այդ ներողությունը, եթե հասարակությունը մեղա չի եկել եւ չի փոխվել: 1915-ի ցեղասպանությանը հաջորդել են 1938-ի, 1956-ի ցեղասպանությունները եւ ցեղասպանությանը շատ մոտ 1993-94 թթ դեպքերը Դերսիմում: Ի՞նչը ներել եւ ո՞վ ում պետք է ների»,-հայտարարել է ազգագրագետը:

Նրա խոսքով, թուրքական հասարակական կարծիքի անփոփոխության մասին է վկայում այն, որ միայն այնտեղ Ռամիլ Սաֆարովի վարքն արդարացվեց: «Իմանալով դա, շատ դժվար է խոսել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ ձեւավորելու փորձեր մասին»,-ամփոփել է նա:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/NEWS.am