«Հայկական ժամանակ» թերթը հիշեցնում է, որ, ըստ լավատեղյակ աղբյուրների,  առաջիկա օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակության հետ մեկնելու է Բրյուսել։

«Երեկ մեր թղթակիցը Ծառուկյանի խոսնակից՝ Իվետա Տոնոյանից փորձել է ճշտել, թե որ օրերին է նախատեսված այցը, ովքեր են պատվիրակության կազմում, ինչ հանդիպումներ են սպասվում Բրյուսելում, եւ ինչ հարցեր են քննարկվելու։

«Այս պահի դրությամբ ԲՀԿ-ում քննարկումներ են ընթանում Բրյուսել կայանալիք այցի վերաբերյալ՝ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների մասնակցությամբ: Այդ մասին համապատասխան հաղորդագրությամբ ԲՀԿ լրատվական ծառայությունը հանդես կգա երկուշաբթի օրը»,- ասել է Իվետա Տոնոյանը:

Հարցին` այսինքն, հնարավոր է քննարկումների արդյունքում որոշվի, որ բրյուսելյան այցը չի՞ կայանալու, հստակ եւ սպառիչ պատասխան չի տիվել: Ի դեպ, երեկ կայքերից մեկում տեղեկություն հայտնվեց, թե երեկ պետք է տեղի ունենար Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Մեր թղթակցի հարցին` որքանո՞վ է հիմնավոր սույն լուրը, Ծառուկյանի խոսնակը պատասխանել է. «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման հանդիպում ոչ այսօր, ոչ վաղը չի կարող կայանալ այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է արտերկիր»: Խոսնակն այդպես էլ չի մանրամասնել, թե որ երկիր է մեկնել իրենց առաջնորդը, նշել է միայն, որ խոսքը մի շարք երկրների մասին է` եւ եվրոպական, եւ ԱՊՀ: ԲՀԿ առաջնորդը, ըստ նրա խոսնակի, Հայաստան կվերադառնա մեկ կամ երկու օրից: Հիշեցնենք, որ Ծառուկյանն ընդամենը մեկ-երկու օր առաջ էր վերադարձել Հայաստան` արտերկրում իր ծննդյան օրը նշելուց հետո: Այսինքն եկել է, նորից գնացել, մեկ-երկու օրից նորից կգա ու նորից կգնա: Շատ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ է»,– գրում է «Հայկական ժամանակը»։