Երիտասարդների 70 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից եւ բնակվել արտերկրում եւ միայն 18 տոկոսն է համարում, որ դա վատ երեւույթ է: Նման արդյունքներ են ստացվել People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի՝ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում դպրոցների բարձր դասարանների սովորողների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումից:
Հարցմանը մասնակցել են բարձր դասարանների՝14-16 տարեկան, 96 աշակերտներ՝ 41 տղա եւ 59 աղջիկ:
Կցանկանայի՞ք մեկնել այլ երկիր, հարցին 88 տոկոսը տվել է դրական եւ միայն 6 տոկոսը` բացասական պատասխան: Հարցվածները հիմնականում նախապատվությունը տվել են եվրոպական երկրներին (58) տոկոս: Ընդ որում հարցվածների 29.3 տոկոսը ցանկանում է արտերկրում կրթություն ստանալ, 46.6 տոկոսը` շրջագայել կամ հանգստանալ, 12.5 տոկոսը` աշխատել, իսկ 11.3 տոկոսը` մշտապես բնակվել:




























