2009թ.-ին, շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը, բանակը պատվով է կատարել գլխավոր խնդիրը, այն է` ՀՀ եւ ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովումը արտաքին ոտնձգություններից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ:

«Պլանային կարգով շարունակվել են մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովման կարեւոր միջոցառումներ»,- նշել է Օհանյանը՝ մեկ առ մեկ ներկայացնելով Հայաստանի զինված ուժերի արձանագրած հաջողությունները մարտի դաշտում եւ մարտական պատրաստության բարձրացման գործում:

Ըստ նախարարի ՝ Հայաստանը անվտանգության հարցում սոսկ պասիվ հայեցող լինելու իրավունք չունի եւ պարտավոր է իր հնարավորությունների չափով մասնակցել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացին, ինչն էլ անում է՝ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցելով: