Ամանորի նախաշեմին Հայաստանում բրնձի եւ ձեթի թանկացում չի սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Լիա-Կ» ընկերության հիմնադիր Հայրապետ Կարապետյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի կեսերին Չիկագոյի բորսայում բրնձի թանկացման փաստը:

Նշենք, որ նոյեմբերի կեսերից մինչ այսօր Չիկագոյի բորսայում բրնձի գինը մեկ տոննայի համար 321 դոլարից հասել է 343 դոլարի:

«Բրիձի գինը, որը մենք ներկրում ենք, վերջին ամիսներին չի փոխվել: Նոր տարու նախաշեմին եւս թանկացում չի սպասվում»,-հայտարարել է նա: Նշենք, որ բրինձը Հայաստան ներկրվում է հիմնականում Թաիլանդից, Վյետնամից եւ Պակիստանից:

Ինչ վերաբերում ձեթին, որի ներկրմամբ «Լիա-Կ» ընկերությունը նույնպես զբաղվում է, ապա Ուկրաինայում, որտեղից հիմնականում ներկրվում է ձեթը, որոշակի էժանացում է նկատվում՝ հունիս-հուլիսի համեմատ:

Նշենք, որ 2011-2012-ի մարքեթինգային տարում (2011-ի սեպտեմբերից 2012-ի օգոստոս) Ուկրաինան շուրջ 20 տոկոսով ավելի շատ ձեթ է արտահանել, քան նախորդ մարքեթինգային տարում: