Դեկտեմբերի 5-ից 9-ը Ֆրանսիայի հանրապետության Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրասիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար, Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ եւս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական եւ այդ համատեքստում նաեւ երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը, Լիոնի քաղաքապետը նաեւ նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի եւ վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է վերջերս թարմացված համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնել երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացման պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը եւս բաց ու պատրաստակամ է երկուստեք հարաբերությունների ընդլայնման հարցում: Տարոն Մարգարյանը ֆրանսիացի գործընկերոջը նաեւ տեղեկացրել է, որ այս օրերին հասցրել է գործնական հանդիպումներ ունենալ քաղաքային տնտեսության որոշ ոլորտների պատասխանատուների հետ եւ ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություններ, որոնք իրապես կնպաստեն երկուստեք հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Նկատելով, որ 2013-ին կլրանա երկու քաղաքների քույրացման 20-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին հրավիրել է Երեւան` ձեւավորված հարաբերությունների հոբելյանական տարին նշելու եւ գործընկերային հարաբերությունների խորացման հնարավոր մոտեցումները տեղում քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Ժերար Կոլոմբը խոստացել է նախապես համաձայնեցնելուց հետո հաջորդ տարի պաշտոնական այցով այցելել Երեւան:

Պաշտոնական հանդիպումից հետո Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին` երկու քաղաքների հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին պարգեւատրել է մեդալով` երկու քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների խորացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար: