Գերմանիայի մահմեդականների 75 տոկոսը իրենց չեն նույնացնում գերմանացիների հետ: Այս մասին են փաստում Լոնդոնի Բաց հասարակության ինստիտուտի անցկացրած "At Home in Europe – Muslims in Europe « սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ռուսաստանում հայկական համայնքի „Երկրամաս“ պարբերականը գրում է, որ այդ հարցման ժամանակ Գերմանիան ցույց է տվել վատագույն արդյունքը, քանի որ եվրոպական մնացած երկրներում մահմեդականները մեծամասամբ „իրենց տանն են զգում“: Օրինակ՝ Լոնդոնում իրենց անգլիացի են համարում այնտեղ ապրող մահմեդականների 70 տոկոսը, իսկ Լեստերում` 82 տոկոսը:

Էթնոքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բորիս Խարկովսկիի խոսքերով, այս փաստը հեշտությամբ կարելի է բացատրել: Գերմանիայի մահմեդականների մեծ մասը, ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների, էթնիկ թուրքեր են:

„Գերմանիայի մահմեդականների մեծ մասն իրեն չի համարում գերմանացի, քանի որ թուրքեր են: Թուրքերն իրենց ողջ պատմության ընթացքում ագրեսիա են դրսեւորել իրեն կողքին բնակվող ժողովուրդների նկատմամբ, լիներ դա Թուրքիայում, թե նրա սահմաններից դուրս: Բավական է հիշել հայերի, հույների, ասորիների, քրդերի նկատմամբ պարբերաբար իրականացվող ցեղասպանությունը, հարեւանների հետ պատերազմները, Կիպրոս ներխուժումը, երկրում իշխող քսենոֆոբիան“,-նշում է փորձագետը:

Բորիս Խարկովսկու կարծիքով, թուրքերի ազգային այդ մտածելակերպը պահպանվում է նույնիսկ Թուրքիայի սահմաններից դուրս եւ որոշ չափի աջակցություն են ստանում երկրի պանթուրքական տրամադրություններով լի իշխանություններից:

»Գերմանիայում լավ են հիշում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2008 թվականի այցելությունը, երբ նա, Քյոլնի մարզադաշտում ելույթ ունենալով 20 հազար թուրքերի առջեւ, կոչ արեց իր հայրենակիցներին չինտեգրվել գերմանական հասարակությանը, կրթություն ստանալ թուրքերենով եւ գիտակցել,որ նրանք ներկայացնում են լուրջ ուժ. «Դուք արդեն 3 միլիոն եք»,-ասել էր Էրդողանը:

Սա բուռն վրդովմունք առաջացրեց գերմանացի քաղաքական գործիչների մոտ, ընդ որում՝ ինչպես ձախերի, այնպես էլ՝ աջերի: Գերմանիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն այն ժամանակ հայտարարեց, որ «Էրդողանը գերմանական հող է բերել թուրքական ազգայնամոլությունը» եւ կասկածեց, որ այն երկիրը, որի ղեկավարները նման տեսակետներ ունեն, դժվար թե տեղ գտնի Եվրոպական Միությունում:

Իր ծանրակշիռ խոսքը ստիպված էր ասել նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հիշեցրեց, թե հենց ինքն է Գերմանիայի կանցլերը եւ ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ դա նշանակում է, որ նա նաեւ կանցլեր է այդ երկրում բնակվող թուրքերի համար:

«Եթե որեւէ մեկը գալիս է Գերմանիա ապրելու, ապա նա պետք է հետեւի այդտեղի օրենքներին եւ ոչ թե հետեւի ինչ-որ մեկ ուրշ երկրի քաղաքական գործիչների ասածներին, որպեսզի իմանա ի՞նչ անել, ի՞նչ չանել, ի՞նչ աստիճանի ինտեգրվել եւ ինչպե՞ս իրեն պահել»,-ընդգծել է նա: