Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի գործունեության արդյունքում Հայաստանի կառավարությանը հաջողվել է 2009թ. էապես նվազեցնել գերավճարները։ Այդ մասին հունվարի 29-ին տեղի ուենցած կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ «այդ հիմնախնդիրը մենք չէինք կարողանում լուծել տարիներ շարունակ, եւ ահա առաջին անգամ շուրջ 25 մլրդ դրամով նվազեցրել ենք գերավճարները, այսինքն` 25 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ են մնացել մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ»։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը որպես երկրորդ ոլորտ, որտեղ լուրջ հաջողություններ են արձանագրվել, նշել է առողջապահությունը։ «Ծնելիության օժանդակության, ծննդօգնության պետական ծրագիրը տվել է իր դրական արդյունքը։ 2009թ. 2008-ի համեմատ 3 հազարով աճել է ծնելիության թիվը»,- ասել վարչապետը։

Ըստ վարչապետի՝ լուրջ հաջողություններ են գրանցվել նաեւ սոցիալական ոլորտում եւ ոստիկանության աշխատանքում: