Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է հանրապետության ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համակարգը հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում հայտնաբերել եւ նույնականացնել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթեւեկության կանոնների հետեւյալ խախտումները՝
- սահմանված արագության գերազանցում.
- լուսացույցի կարմիր ազդանշանի պահանջները չկատարելը.
- հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը.
- կանգառի եւ կայանման կանոնների խախտումները.
- ճանապարհային նշանների պահանջները չկատարելը
- ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը։
Խախտումների յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան տվյալները պետք է ուղարկվեն տվյալների մշակման կենտրոն, որտեղ պետք է կազմվի ու տպագրվի վարչական իրավախախտման արձանագրություն (այն պետք է պարունակի ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող տրանսպորտային միջոցի նկարները) եւ համապատասխան որոշում:



























