Հայաստանի կառավարությունը հունվարի 29-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը միտված է իրավական, ֆինանսական եւ կազմակերպչական համապատասխան ներդրման միջոցով պետական աջակցություն ցույց տալու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է որոշումը` նշելով, որ խնդիրը ներառված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։

Համաձայն ՀՀ ԿԲ հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի վերաֆինանսավորմանը` վարկի 10 մլն դրամ միջին գումարի եւ 10 տարի ժամկետի դեպքում։ Վարչապետը հավելել է, որ նշված գումարը չբավարարելու դեպքում՝ գործի կդրվեն լրացուցիչ ռեզերվներ։ Նախնական հաշվարկները վկայում են, որ ծրագրից կարող են օգտվել հազարավոր ընտանիքներ։