Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ին կայացած նիստում հավանություն է տվել միանգամից մի շարք օրինագծերի, որոնցով նախատեսվում է կարգավորել Հայաստանում խաղատների եւ խաղասրահների գործունեությանը:
Ըստ այդ օրինագծերի՝ նախատեսվում է բարձրացնել խաղատների, խաղասրահների եւ շահումով խաղերի համար սահմանված տարեկան պետական տուրքի չափը: Բացի այդ, նախատեսվում է մինչեւ 2013 թվականը Հայաստանում գործող խաղատները տեղափոխել առողջարանային քաղաքներ՝ Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր, ինչը, ըստ հանձնաժողովի եւ նրա նախագահ Վարդան Այվազյանի տրամաբանության՝ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ի դեպ, միայն խաղատնային ոլորտը տարբեր հաշվարկներով Հայաստանի բյուջեի համար տարեկան մոտ 25-30 միլիոն դոլար մուտք է ապահովում, իսկ նոր օրինագծով լուրջ հարվածէ հասցվելու ոչ միայն խաղատների սեփականատերերին, որոնք ստիպված են լինելու հերթական անգամ իրենց խաղատները տեղափոխել, այլեւ հազարավոր մարդկանց, որոնք իրենց ապրուստի գումարը հայթայթում են խաղատներում աշխատելով:
Հիշեցնենք, որ մի քանի տարի է անցել՝ ինչ խաղատները հանեցին Երեւանից, եւ սեփականատերերը ստիպված էին ահռելի գումարներ ծախսել դրանք այլ վայրերում՝ Փարաքարում, Կոտայքի մարզում եւ այլուր, կառուցելու համար:



























