Հայաստանի կառավարությունը հունվարի 29-ին կայացած նիստում որոշել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակ» միասնական հոբելյանական մեդալի (3500 հատ) պատվիրման նպատակով ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել մինչեւ 8մլն դրամ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ թողարկվելիք մեդալն անհրաժեշտ է ձեռք բերել՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերաններին պարգեւատրելու համար: