Լիբանանում Հայաստանի դեսպանության շենքում դեսպան Աշոտ Քոչարյանը հունվարի 27-ին լիբանանահայ մի շարք ուսուցիչների եւ դաստիարակների մանկավարժական բազմաբեղուն, ազգանպաստ գործունեության, հայ սերունդների հայեցի կրթության եւ դաստիարակության, հայ ինքնության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար հանձնել է Հայաստանի վարչապետի հուշամեդալն ու Սփյուռքի նախարարի շնորհակալագրերը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում դեսպան Քոչարյանը կարեւորել է հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայկական կրթօջախների ուսուցիչների եւ դաստիարակների ազգանվեր գործունեությունը, ուսուցիչներին մաղթել ուժ, եռանդ եւ նորանոր հաջողություններ իրենց կարեւորագույն առաքելության մեջ:

Ուսուցիչները երախտագիտություն են հայտնել Հայաստանի կառավարությանն ու Սփյուռքի նախարարությանը՝ բարձր գնահատականի համար: