Կանադայի Պիտերբորո քաղաքի բնակիչ Գորդոն Յանգը հայտարարել է, որ վերծանել է նոյեմբերին Մեծ Բրիտանիայում բուխարիի մեջ հայտնաբերված գրության կոդը, որոնք չէին կարողացել կարդալ եվրոպացի գաղտագիրները: Հաստատվել է, որ գրությունը գրվել է շուրջ 70 տարի առաջ: Գրությունը տեղադրել են համացանցում՝ խնդրելով օգնել վերծանման հարցում: Դրանից մեկ ամիս անց գլուխկոտրուկը լուծել է Կանադայի քաղաքացին, հաղորդում է Daily Telegraph-ը:
Ընդ որում, Յանգը պնդում է, որ դա արել է ռեկորդային ժամանակում՝ 17 րոպեում, այն դեպքում, երբ բրիտանացի գաղտնագիրների մի ողջ թիմ չէր կարողացել վերծանել գրությունը:
Յանգը հայտարարել է, որ այդ գործում իրեն օգնել է կոդավորման մասին հատուկ գիրքը, որը նրան բաժին է հասել պապից: Կանադացու խոսքով, գրության մեջ հասարակ շիֆր է օգտագործվել, որը եվրոպացի զինվորականներն օգտագործում էին դեռեւս Առաջին աշխարհամարտի ժամանակներում: Գորդոն Յանգը կարծում է, որ գրությունը 1944-ին գրել է բրիտանական բանակի սերժանտ Ուիլյամ Սքոթը, ով մասնակցել է Նորմանդական գործողությանը, հաղորդում է Vesti.ru-ն:
Իր ուղերձում բրիտանացին գրել է գերմանական զորքերի տեղակայման մասին: Կանադացին պնդում է, որ Սքոթը սպանվել է գրությունն ուղարկելուց 1,5 ամիս անց: Սերժանտի գերեզմանը գտնվում է Նորմանդիայի գերեզմանոցներից մեկում:
Ընդհանուր առմամբ, բրիտանացի զինվորականները նամակագրության նպատակով 250 հազար աղավնի են պահել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր հատուկ համարը:
Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնի ապակոդավորողները չեն շտապում ընդունել կանադացու հաղթանակը: Նրանք նշել են, որ կցանկանային տեղեկանալ մեթոդին, որով գրությունը վերծանել է Յանգը:





























