Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բարեգործական նպատակով նվիրաբերել է 500 մլն. դոլար։ Գումարը փոխանցվել է Silicon Valley Community Foundation ոչ առեւտրային կազմակերպությանը, որը զբաղվում է նվիրատվությունները բաշխելով։
Կազմակերպությունը կստանա Facebook Inc.-ի 18 մլն. բաժնետոմսեր, որոնց արժեքը այս տարվա դեկտեմբերի 18-ին առեւտրական գործունեության ավարտին կազմում էր 498,8 մլն, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ցուկերբերգի փողերը նպատակաուղղված են կրթության եւ առողջապահության բնագավառների բարելավմանը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։
18 մլն բաժնետոմսերի նվիրատվությունն այս պահին ամենամեծն է Ցուկերբերգի համար։ Դեռ մինչեւ Facebook-i IPO-ն, նա 2010 թվականին ընկերության 100 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսեր նվիրաբերել է դպրոցներին։ 2010 թվականի դեկտեմբերին, նա միացել է Բիլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆեթի Giving Pledge բարեգործական նախագծին. Նրա անդամները Ամերիկայի ամենահարուստ մարդիկ են, որոնք խոստանում են կա՛մ իրենց կարողության մեծ մասը կտակել նվիրատվության համար, կա՛մ իրենց կյանքի ընթացքում աջակցել նման բարեգործական նախագծերին։
Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 9,5 մլրդ. դոլար։



























