Կիեւը շրջպատված է գրոհայիններով, որոնք պատրաստ են իշխանությունը զավթելու ցանկացած տարբերակի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ «5-րդ ալիք» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 7-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ժամանակ մրցելու են Տիմոշենկոն եւ ընդդիմադիր Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը:
Ուկրաինայի վարչապետի համոզմամբ, այդ «գրոհայինների» օգտագործումը, որոնք իբր գտնվում են Կիեւի մոտակայքում գտնվող «հանգստյան տներում», իր մրցակից Յանուկովիչին բնորոշ ձեռագիրն է: Տիմոշենկոն նաեւ նկատել է, որ «գրոհայինները» Յանուկովիչի միակ ռեսուրսը չեն։ Նրա կողմնակիցները նաեւ կեղծում են ընտրությունները եւ հարյուր հազարավոր քվեաթերթիկներ են գցում քվեատուփի մեջ:
«Վիկտոր Յանուկովիչը չի փոխվել, նրա մեթոդները, նրա քաղաքականությունը նույնպես չեն փոխվել: Այնպես որ, ինչպես 2004 թվականին, մենք նրանց խիստ կերպով կդնենք իրենց տեղը, եւ նա ոչ մի պարագայում չի վերցնի իշխանությունը Ուկրաինայում: Հենց միայն այն պատճառով, որ նա հանդիսանում է ամենահակաուկրաինական քաղաքական գործիչներից մեկը»,- ասել է Յուլիա Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հունվարի 17-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Յանուկովիչը ստացել է 35, իսկ Տիմոշենկոն` 25 տոկոս ձայն:




























