«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում այժմ դադարի փուլ է, որից հետո, սակայն, նոր զարգացումներ կլինեն»,- փետրվարի 1-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նշելով, որ այս պահին արդեն իսկ Թուրքիայում որոշակի հիասթափություն է նկատվում, նա նման իրավիճակը պայմանավորեց առավելապես երկու հանգամանքներով՝ Հայաստանին ղարաբաղյան հարցում զիջումներ պարտադրելու անկարողությամբ եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման կանխարգելման հարցում ունեցած անհաջողություններով. «Թուրքիան եւ նրա դաշնակիցները հասկացան, որ մոտ ապագայում հնարավոր չէ Ղարաբաղի հարցում Հայաստանից զիջումներ սպասել, ինչպես նաեւ հուսալ, որ Հայոց ցեղասպանության միջազգային հնչեցման գործընթացը կկանգնեցվի»,- նշեց Հ. Դեմոյանը՝ ավելացնելով, որ թուրքական կողմը բոլոր պարագաներում ուզում է «քիչ տալ եւ շատ ստանալ»։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կարծիքով, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը շահարկելը վատ ավարտ կունենա Թուրքիայի համար, եւ մեծ է հավանականությունը, որ այս գործընթացում Թուրքիան, անկասկած, դեղին քարտեր կստանա։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման դեպքում հայկական կողմը կորուստներ չի ունենա։ Կորուստներ կունենա միայն Թուրքիան, եւ այս ամենն էլ հաշվի առնելով՝ նա փորձում է զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ»,- նշեց Հ. Դեմոյանը՝ ընդգծելով, որ թուրքական կողմի համար առաջնային են մնում էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը հարեւանների օգնությամբ բավարարելու, ինչպես նաեւ քրդերի հետ խնդիրները բացառելու հարցերը, որոնք, ըստ հաշվարկների, արդեն 30-40 տարի անց հավակնում են երկրի բնակչություն շուրջ 50 տոկոսը կազմել։

Վերջում անդրադառնալով նրան, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում կենթարկվի՞ ի վերջո թուրքական կողմը գերտերությունների ճնշումներին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տեսակետ հայտնեց, որ «Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի չենթարկվի դրանց եւ ընդդիմանա բոլոր տեսակ պարտադրանքներին»։