Այսօր` փետրվարի 1-ին՝ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե Սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանի հրաժարականը պայմանավորված է եղել գումարների յուրացմամբ, որի համար ինքը պատժել է նախարարին, Գ. Ծառուկյանն ասել է. «Ես այդպիսի բանից տեղյակ չեմ: Դուք նախարարից հարցրեք, ինքը բարի կլինի, ձեր հարցին կպատասխանի»: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ նորանշանակ նախարարը ամբողջ կյանքում ուժային կառույցներում է աշխատել. ինչո՞վ է պայմանավորված, որ նշանակվել է Սպորտի նախարար, նա պատասխանել է. «Ուժային լինի, կրթական, թե գիտական, ամենակարևորը՝ մարդը պետք է կարողանա կազմակերպել, ղեկավարել կառույցը: Հիմնական խնդիրը դա էր»:

Ինչ վերաբերում է նրան, թե ում է ԲՀԿ-ն առաջարկելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը թափուր է մնացել Մխիթար Մնացականյանին սոցապ նախարար նշանակելուց հետո, կուսակցության նախագահն արձագանքել է. «Դրա համար նոր մենք գործկոմի նիստ հրավիրեցինք, այնտեղ քննարկում էինք, մյուս շաբաթ արդեն կհայտարարենք՝ ում թեկնածությունն ենք առաջարկում»: