«Gallup Organization»-ն ամենահարգի եւ ճանաչված կազմակերպություններից մեկն է եւ արդեն 70 տարի հարցումներ է անցկացնում շատ երկրներում եւ ունի բարձր վստահություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Gallup Organization»-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայ հասարակությունը մի մեծ հատված անվստահությամբ է մոտենում «Gallup Organization»-ի անցկացրած հարցումներին:

Միաժամանակ, Ալիշաուսկենեն ընդգծեց, որ Հայաստանում չի հանդիպել իրենց անցկացրած հարցումների նկատմամբ անվստահության:

Խոսելով հասարակական անվստահության կոնտեքստում արված հարցումների մասին, նա նկատեց, որ այդ խնդիրը գոյություն ունի գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում: «Մենք դրան բախվում ենք շատ երկրներում, քանի որ խորհրդային շրջանում հասարակական կարծիքի հարցումներ չեն կատարվել: Հասարակությունը շատ քիչ բան գիտի այն մասին, թե ինչպես են անցկացվում սոցիոլոգիական հարցումները, ինչի հետ է դա կապված եւ ինչ են դրանք ցույց տալիս: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի մարդիկ համոզվեն նման հետազոտությունների անհրաժեշտության մեջ»,-հայտարարեց Ալիշաուսկենեն, հավելելով, որ երբեմն խնդիրներ են ծագում քաղաքական հարցումներ անցկացնելիս, երբ այս կամ այն քաղաքական գործիչները ցածր տոկոսներ են ստանում: «Այդպես է լինում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի այլ երկրներում: Քիչ տոկոսներ ստացած քաղաքական գործիչները անվստահություն են հայտնում հարցման արդյունքներին, փոխանակ ինչ-որ քայլեր ձեռնարկեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների վարկանիշներին, այդ թվում 49 տոկոս ձայներին, որոնք կարող է ստանալ գործող նախագահը, Ալիշաուսկենեն նշեց, որ այդ ձայների տոկոսների հետագա ավելացումը կամ նվազումը կախված կլինի նրանից, թե կոնկրետ ովքեր կմասնակցեն նախագահական մրցավազքին: «Ներկա պահին Սերժ Սարգսյանը շատ առաջ է, սակայն իրավիճակը կարող է փոխվել կախված այլ թեկնածուների առաջադրումից»,-նկատեց նա:

Հարցին, թե կնվազե՞ն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը, հաշվի առնելով, որ արդեն այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտադրություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը, Ալիշաուսկենեն ընդգծեց, որ իրավիճակը պարզ կլինի նախագահի բոլոր թեկնածուների առկայության դեպքում: «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի ընտրողներն իրար շատ նման են, քանի որ երկուսն էլ ներկայացնում են ՀԱԿ-ը, ուստի եթե եթե նույն քաղաքական ուժից լինի երկու թեկնածու, ապա նրանց կողմնակիցները ստիպված կլինեն ընտրել, հետեւաբար այդ ուժի ձայները կկիսվեն»,-ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում «Gallup Organization»-ի անցկացրած հարցման համաձայն, առաջիկա նախագահական ընտրություններում բնակչության 49 տոկոսն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, 21 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 6 տոկոսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ 5 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին:

Հարցվածների շարքում ընտրություններին մասնակցել ցանկացողներն ու չցանկացողների ձայները կիսվել են: Նրանց 1/3-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 1/3-ն ասել է, որ հնարավոր է, մասնակցի ընտրություններին, եւս 1/3-ը հաստատել է, որ ցանկանում է մասնակցել ընտրություններին:

Հարցին, թե ում օգտին ոչ մի դեպքում ձայն չէիք տա, 39 տոկոսը տվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, 16 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանի անունը, 12 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի անունը, 11 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի անունը:

Հիշեցնենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-14-ին, երբ դեռ հայտնի չէր որեւէ թեկնածուի անուն: Հարցումների երկրորդ փուլը տեղի կունենա հունվարին, երբ հայտնի կլինեն նախագահի բոլոր թեկնածուները, իսկ երրորդ փուլը կանցկացվի փետրվարին: