Բնապահպան Սուրեն Ղազարյանը, որին Ռուսաստանում սպառնում է իրական ազատազրկում այսպես կոչված «Պուտինի պալատ» այցելելուց հետո, հեռացել է երկրից։ Այդ մասին նա հաղորդել է Human Rights Watch միջազգային կազմակերպության իրավապաշտպաններին։
Ինչպես հայտնում են իրավապաշտպանները, Ղազարյանը որոշել է Ռուսաստանից փախչել, երբ նա դաշնային հետախուզման մեջ է հայտնվել։ Ղազարյանն ասել է, որ չի հավատում նոր գործի արդար դատավարությանը, քանի որ 2012 թվականի հունիսին արդեն անարդար կերպով դատապարտվել է։ Բնապահպանը պատրաստվում է եւրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստարան խնդրել, հաղորդում է «Ռոսբալթ»-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Սուրեն Ղազարյանին իրական ազատազրկում է սպառնում։ Նա արդեն ունի պայմանական ժամկետ այսպես կոչված «նահանգապետ Տկաչեւի ամառանոցի» պատերը վնասելու համար, իսկ վերջերս բնապահպանը ֆեդերալ հետախուզման մեջ է հայտնվել «Պուտինի պալատի» պատահարի գործով։ Նրան մեղադրում են օբյեկտի պահակներին սպանելու սպառնալիքների համար։





























