Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կդադարեցներ զբոսաշրջիկների հաշվառումը, եթե այս ոլորտում նոր հետազոտություններ չանցկացվեն: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 21-ին հայտարարեց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը: «Մենք ահազանգել էինք, խնդրանքով դիմել էկոնոմիկայի նախարարությանը, եթե նոր հետազոտության համար ռեսուրսներ չհայտնաբերվեն, մենք դատապարտված ենք լինելու 2014 թ. դադարեցնել զբոսաշրջության վիճակագրության ձեւավորումը եւ հրապարակումը»,- ասաց Ս. Մնացականյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նման ռեսուրս գտել են: Այսօր` դեկտեմբերի 21-ին նախարարությունում կնքվեց հնգակողմ համաձայնագիր` Հայաստանում զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացման համար: Համաձայնագիրը ստորագրեցին` Արա Պետրոսյանը (ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար), Ստեփան Մնացականյանը (ՀՀ ԱՎԾ նախագահ),  Արման Խաչատրյանը (Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն), Բրունո Կորնելիոն (USAID EDMC ծրագրի ղեկավար), Դագմար Բոտը (GIZ-ի «Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար):

Ծրագրի ընդհանուր արժեքն է 150 հազ. դոլար: Յուրաքանչյուր 15 զբոսաշրջիկից մեկին կտրվի հարցաթերթիկ, որը լրացվում է կամավորության սկզբունքով: Ըստ Բ. Կորնելիոյի` հարկավոր է պարզել, թե զբոսաշրջիկը ո՞ւր է ցանկանում գնալ, ինչպե՞ս է ցանկանում հանսգտանալ, ինչի՞ վրա է ուզում փող ծախսել: Ա. Պետրոսյանը հավելեց, որ ի տարբերություն նախորդ (2007 թ.) հետազոտության, ավելացվել են նոր հարցեր` պարզելու, թե ինչպես ե՞ն օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից (առցանց ամրագրումներից), արդյո՞ք այցելել է տարածաշրջանի այլ երկրներ եւ այլն:

Այս հետազոտությունները կարեւոր են` գնահատելու զբոսաշրջության ներուժը եւ զարգացման ուղղությունները ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածի համար: Հետազոտությունը կիրականացվի 2013 թ., արդյունքները կհրապարակվեն 2014 թ. առաջին եռամսյակում: