2015 թվականից հետո Թուրքիան կդադարեցնի ամեն տեսակի քաղաքական խաղերը Հայաստանի հետ կապված, եւ կտրուկ կփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին դեկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենտի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

«Թուրքական կողմը այսօրել շարունակում է Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարել, բայց որոշ կոսմետիկ միջոցների օգնությամբ փորձում է քողարկել դա»,- նշել է Արա Պապյանը։

Հայերի ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու վերաբերյալ հարցին ի պատասխան Պապյանը հայտարարել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ «Սա բացարձակ այլ բնույթի հանցագործություն է։ Այսպիսի դեպքերում ոչ մի ժամանակային սահմանափակում չի կարող լինել»,- ընդգծել է նա։

Արա Պապյանը նաեւ նշել է, որ հակական կողմի համար սխալ է հայ-թուրքական խնդրի լուծումները փնտրել երկկողմանի մակարդակում, քանի որ մեր երկիրը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ։ «Անհրաժեշտ է հարցը տեղափոխել միջազգային հարթակ, որպեսզի Թուրքիան պատասխանատվություն կրի միջազգային հանրության առաջ։ Աննպատակ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը քաղաքական ոլորտում, նրան պետք է իրավական բնույթ տալ»,- ամփոփել է քաղաքագետը։