Բրյուսելում 2013թ. մարտի 4-5-ին տեղի կունենա Եվրոպայի հայկական երրորդ համագումարը, որի երկրորդ մասը կկայանա Եվրախորհրդարանում: Կոնֆերանսը կազմակերպում է Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունը (Եվրոպայի Հայկական ազգային կոմիտե): Համագումարին կմասնակցեն հայտնի գործիչներ, գիտնականներ եւ քաղաքական գործիչներ Հայաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:
«Asbarez»-ը հայտնում է, որ առաջին նիստը, որը տեղի կունենա մարտի 4-ին, կենտրոնացված կլինի Եվրոպայում բնակվող հայերի առաջ ծառացած համաեվրոպական մարտահրավերների վրա:
Մարտի 5-ին Եվրախորհրդարանում կայանալիք հաջորդ նիստում Եվրոպայի ժողովրդական կուսակցության հովանու ներքո կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ ԵՄ-ի պատասխանատվությունը ցեղասպանությունների կանխման եւ նրանց զոհերի պաշտպանության հարցում, «Ցեղասպանությունը եւ միջազգային իրավունքը», «Նոր հեռանկարներ Հարավային Կովկասում»:
Համագումարին կմասնակցեն ԵՄ-ի բարձրաստիճան անձինք, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ Եվրախորհրդարանի անդամներ, ԵՄ-ի եւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ եւ քաղաքական կուսակցությունների անդամներ:





























