Հայաստանում բենզինի մանրածախ գնի մեջ երկաթուղային փոխադրման արժեքը 1 տոկոսից մի փոքր ավելի է, կամ կազմում է ընդամենը 6 դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նրա խոսքով, երկաթուղային ծախսերն այդ ոլորտում չեն փոխվում 2008-ից ի վեր, երբ այն 5,96 դրամ էր: «Ընդ որում, այդ ժամանակից ի վեր, բենզինի գինը կրկնակի աճել է: Եթե նախկինում այն 250 դրամ էր, ապա հիմա՝ 500 դրամ է, իսկ մեր գնային բաղկացուցիչը չի փոխվում, թեեւ վառելիքի գները վերաբերում են նաեւ մեզ: Մեր գնացքներն աշխատում են դիզելով»,-նշեց Ռեբեցը:

Հայաստան վառելիք ներկրող երկու մեծ ընկերություններից մեկի՝ CPS-ի փոխտնօրեն Յուրի Եղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բենզինի գնի մեջ երկաթուղային փոխադրման արժեքը Այրում կայարանից մինչեւ Երեւան կազմում է 7 դրամ (1 դոլարը = 405 դրամ):

Ներկայումս «սուպեր» մակնիշի բենզինի մանրածախ գինը Հայաստանում կազմում է 540 դրամ, «պրեմիումինը»՝ 510 դրամ, «ռեգուլյարինը»՝ 490 դրամ, դիզելային վառելիքինը՝ 470 դրամ: