Հայաստանյան աշխատավարձները երկար ամիսներ գնաճից հետ մնալուց հետո, այս տարի դրական զարգացման միտումներ են դրսեւորում: Հանրապետությունում միջին աշխատավարձի աճի տեմպն սկսել է գերազանցել սպառողական գների ինդեքսի աճի տեմպին:

Իհարկե, աշխատավարձը ներկայումս ընտանիքների եկամտի միայն մի բաղկացուցիչն է, բայց, ի ուրախություն մեզ, դրա հետ միասին աճում է նաեւ մյուս բաղադրիչը՝ արտաքին մասնավոր տնասֆերտները, որոնք ընտանեկան բյուջեի համալրման լուրջ աղբյուր են: Այսպես, այս տարվա հունվար-հոկտեմբերին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային բնույթի մասնավոր տրանսֆերտների գումարն աճել է 128,9 մլն դոլարով, կամ շուրջ 10,5 տոկոսով: Ցավոք, միջին ամսական աշխատավարձը նույնպիսի աճ չի արձանագրել: Բացի այդ, տրանսֆերների գումարի մի մասը «կերել է» գնաճը, ուստի առավել հետաքրքրական է իմանալ գնաճի տեմպի եւ միջին ամսական աշխատավարձի աճի տեմպի տարբերությունն՝ ըստ ամիսների: Հասկանալի է՝ որքան մեծ է այդ տարբերությունը, այնքան մեծ է բնակչության իրական եկամուտների աճը:

Այսպես, մայիսին այդ երկու ցուցանիշների տարբերությունը կազմել է 8,5 տոկոս: Մայիսին գնաճը գրեթե զրոյական է եղել (0,5 տոկոս), այնինչ միջին ամսական աշխատավարձի աճը հասել է մինչեւ 9 տոկոսի: Իսկ ահա նոյեմբերին գնաճը թափ է հավաքել, իսկ աշխատավարձի աճի տեմպը նվազել է, որի հետեւանքով իրական աշխատավարջի հավելաճը կազմել է ընդամենը 1,5 տոկոս:

Ինչ վերաբերում է սպաողական գների ինդեքսին, ապա շատ մանսագետների կարծիքով, այն համարժեքորեն չի արտացոլում մեր հասարակության անապահով խավի կյանքի արժեքի իրական բարձրացումը: Որոշ սննդամթերքների մանրածախ գները, ինչպես նաեւ կենսական ծառայությունների սակագները առավել զգալի են բարձրացել: Այսպես, Հայաստանում բարձր կարգի ալյուրը այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել է 20,9 տոկոսվ, բարձրակարգ հացը՝ 8,6 տոկոսով: Հացամթերքներից երկնիշ աճ են արձանագրել մակարոնն ու վերմիշելը (13,5-ական տոկոսով), ինչպես նաեւ սպագետտին (12,4  տոկոսով): Այսինքն զգալիորեն թանկացել են այն ապրանքները, որոնք կազմում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սննդի հիմնական չափաբաժինը:

Անապահով ընտանիքների սննդակարգում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ մարգարինն ու հավի բուդը, որոնք թանկացել են համապատասխանաբար 13,4 եւ 25,9 տոկոսով: Բարեբախտաբար, շուրջ 32,4 տոկոսով էժանացել է կարտոֆիլը, որն աղքատների հիմնական կերակուրն է:

Անապահով ընտանիքների համար ավելի անմատչելի է դարձել բժշկությունը: Բժիշկների վճարովի խորհրդատվությունը մեկ տարվա ընթացքում թանկացել է 13,8 տոկոսով, զգալիորեն աճել է հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների ծառայությունների գները (283 տոկոսով):

Ալբերտ Խաչատրյան