Արգենտինայում երկրորդն օրն է շարունակվում են անկարգությունները, որոնք վերաճել են խանութների թալանի: Երկու մարդ զոհվել է, 500 հոգու ձերբակալել են: Անկարգություններն սկսվել էին դեկտեմբերի 20-ին` երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Բարիլոչե զբոսաշրջային քաղաքում, իսկ դեկտեմբերի 21-ին` մի շարք այլ քաղաքներում, հայտնում է ՆՏՎ-ն:
Բուենոս-Այրեսի իշխանությունները ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ են ուղարկել հարյուրավոր մարդկանց հանդարտեցնելու համար, որոնք փորձել են թալանել քաղաքի ծայրամասի սուպերմարկետը: Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները կանխել են գրոհը` արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ կիրառելով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգենտինայի կառավարությունը զանգվածային անկարգությունների մեղավոր է համարում արհմիություններին, որոնք համակրում են ընդդիմությանը: Իշխանությունները հայտարարել են, որ ընդդիմադիրները փորձում են վարկաբեկել նախագահ Քրիստինա Քիրշներին:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ագենտինայում թալանը սկսվել էր «աշխարհի վերջին» սպասելիս։





























