ԵՄ-ն եւ Ռուսաստանն, աշխատելով միասին, կարող են վճռորոշ ներդրում ունենալ գլոբալ կառավարման եւ տարածաշրջանային հակամարտություններիկարգավորման հարցրում: Այս մասին, դեկտեմբերի 21-ին, ԵՄ-Ռուսաստան 30-րդ գագաթաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաեւ ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտություններին:

Եվրոպական խորհրդի կայքը հայտնում է, որ ԵՄ ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է. «Ինչ վերաբերում է մեր ընդհանուր հարեւանությանը, ես ընդգծեցի կայունության եւ անվտանգության, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության հասնելու անհրաժեշտությունը: Հենց դրանում է կայանում «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ աջակցությունը, հատկապես Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում:

Մենք ողջունում ենք, որ Վրաստանում ընտրությունները նոր հնարավորություն են բացում երկկողմ հարաբերություննրի բարելավման եւ Հարավային Կովկասում տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա կայունությանն ուղղված աշխատանքների համար»:

Անդրադառնալով, այսպես կոչված, սառեցված հակամարտություններին, Ռոմպոյն ասել է. «Հատկապես կարեւոր է լուծել ձգձգվող հակամարտությունները: Ես նաեւ նշեցի Մերձդնեստրի հակամարտությունում «5+2» ձեւաչափով բանակցությունների ճանապարհով առաջ ընթանալու կարեւորությունը եւ անհանգստություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման առնչությամբ»:

Նշենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, դեկտեմբերի 20-21-ին տեղի է ունեցել ԵՄ-Ռուսաստան հետթարակ՝ 30-րդ գագաթաժողովը: ԵՄ-ն այնտեղ ներկայացրել են Հերման Վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, իսկ Ռուսաստանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: