Այսօր՝ դեկտեմբերի 22-ին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Մալիբու» սրճարանի տարածքում ,  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը`  Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի  Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր` թվով երրորդ  տոնավաճառը: Բացմանը ներկա էին  նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մայրաքաղաքի բնակիչները նախատոնական րերին  գյուղատնտեսական մթերք  կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված  տոնավաճառից: Գյուղատնտեսական տոնավաճառների հիմնական նպատակը գյուղացու եկամտի աճին նպաստելն է, ինչպես նաեւ`  առեւտրի ոլորտում գյուղացի-քաղաքացի շփումը վերականգնելը:

Տոնավաճառի ընթացքում իրենց  արտադրանքը կներկայացնեն   150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Նրանց համար ստեղծված են  բոլոր պայմանները` առեւտուրը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նրանց տրամադրվելու են   անվճար տաղավարներ, կշեռքներ եւ սայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ: Գյուղատնտեսական երրորդ տոնավաճառը բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երրորդ գյուղատնտեսական տոնավաճառում  տաղավարներում շրջելուց  հետո,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ,   մասնավորապես նշեց. « Ինչպես խոստացել էինք,  այս տարի բացեցինք  երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը, որն  հնարավորություն է տալիս մայրաքաղաքի բնակիչներին առանց միջնորդի՝ անմիջապես գյուղացուց գնել թարմ մթերք, իսկ գյուղացին էլ` սեփական արտադրանքն  իրացնելու լավ հնարավորություն է ստանում»:

Տոնավաճառների արդյունավետության մասին խոսելով` նախարարը նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 49 տոնավաճառ, որին մասնակցել են  շուրջ 876 գյուղացիական տնտեսություններ` 182 գյուղական համայնքներից: Մեկ  տոնավաճառի ընթացքում իրացվել է 30-40 տոննա գյուղմթերք: Նույն ժամանակահատվածում , «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ կազմակերպվել է  33 տոնավաճառ, որին   մասնակցել են  շուրջ 484 գյուղացիական տնտեսություններ`  140 գյուղական համայնքներից:  Տոնավաճառի ընթացքում իրացվել է 10-15 տոննա գյուղմթերք:

«Մալիբու» սրճարանի տարածքում բացված  երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի մինչեւ դեկտեմբերի 30-ը՝ ամեն օր: