ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարություն է տարածել օրերս Ազգային Ժողովում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Մհեր Սեդրակյանի հայտարարության մեջ ասվում է. «Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ եւ Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջեւ տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլեւս կարեւոր էլ չէ:

Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ եւ՛ լրագրողը, եւ՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: