Շենգենյան վիզաների հետ կնքված համաձայնագիրը եվրոպական ինտեգրման ճանապարհի սկիզբն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսին, ամփոփելով 2012թ-ին Հայաստանի արտաքին քաղաքական տարին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, իրենք կողմ են, որ Հայաստանի ուղին Եվրամիությունը լինի: «Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ չպետք է հարաբերություններ ունենանք: Իսկ դրանք պետք է լինեն ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական»,- առաջարկեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ` ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով, թեեւ, առանձնահատուկ առաջընթացներ չունեցանք, սակայն Ռամիլ Սաֆարոֆի արտահանձնումն ու հերոսացումը հերթական անգամ հիշեցրեց, թե մենք ում հետ գործ ունենք: «Հայաստանի իշխանությունների առաջին դասը նա պետք է լինի, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը մեր բանակն ու ժողովուրդն է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը եւ հիշեցրեց, որ մեր ստրատեգիական գործընկերը` Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում:




























