Փետրվարի 1-ին տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (նախկին «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցության արտակարգ համագումարը: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` համագումարի ժամանակ տեղի ունեցած ընտրության արդյունքներով` կուսակցության ղեկավար է ընտրվել Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Սելահաթին Դեմիրթաշը: Ընտրության մասնակցած 289 պատվիրակներից 288-ը` ընտրել են Դեմիրթաշին, իսկ մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Համագումարն անցել է վեճերի տեղիք տվող իրադարձություններով: Չի հնչել Թուրքիայի հիմնը, Թուրքիայում ահաբեկչական գործողությունների մեղադրանքով ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին գովերգող կարգախոսներ են հնչել, թուրքական զինված ուժերի հետ բախումներում զոհված քուրդ զինյալների անուններն են ընթերցվել, որոնց ներկաները ողջունել եւ ծափահարել են: Սրահում եղել է Թուրքիայի դրոշը, որի մոտ կախված են եղել PKK-ի քաղաքացիական կառույց համարվող «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) անդամ քուրդ քաղաքապետերի եւ կուսակցության անդամների նկարները` ձեռնաշղթաներով, որոնք վերջին շրջանում ձերբակալվել են:

Համագումարին մասնակցել են նաեւ Ա. Օջալանի եղբայրը` Մեհմեդ Օջալանը, հոկտեմբեր ամսին Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռից Թուրքիա վերադարձած եւ զղջման օրենքով ազատ արձակված PKK-ի անդամները, Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումով փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թուրքը, ում Սահմանադրական դատարանը հինգ տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ:

Կուսակցության նախկին եւ նոր ընտրված ղեկավարները կոշտ քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին` մեղադրելով նրանց քրդական հարցի լուծումը շահարկելու, եւ միաժամանակ քրդերի դեմ իրականացվող ճնշումների համար:

NEWS.am-ը հիշեցնում է, որ 2009թ. դեկտեմբերի 11-ի Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը, նրա ղեկավարին ու էլի 37 հոգու արգելվեց զբաղվել քաղաքականությամբ։ Այնուհետ հիշյալ կուսակցության անդամները անդամագրվեցին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությանը։

Քրդական կուսակցության նոր առաջնորդ Դեմիթաշը 2009 հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում աջակցություն հայտնելով ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. «Թուրքական իշխանությունների անկեղծությանը հավատալու համար՝ անհրաժեշտ է, որ պատմության գրքերում գրվեն հայ ժողովրդի հանդեպ իրականացրած կոտորածների մասին։ Թուրքիայի պատմության գրքերում ուռճացվել են հայերի կողմից կատարված հարձակումները, իսկ հայերի հանդեպ թուրքերի իրականացրած կոտորածները ընդհանրապես տեղ չեն գտել։ Թուրքական իշխանությունները Թուրքիայում դեռեւս շարունակվող հայերի հանդեպ թշնամությունը վերացնելու համար ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Դրա վառ օրինակն է Հրանտ Դինքի սպանության գործում առկա անգործությունը։ Մինչեւ հիմա „հայի զավակ“ արտահայտությունը որպես հայհոյանք է ընկալվում Թուրքիայում։ Նախ եւ առաջ Թուրքիան պետք է հրաժարվի պատմության գրքերում թշնամանք տարածելուց։ Պետք է սկսել խաղաղության լեզուն պատմության գրքերում արտացոլել»: Նա նաեւ հիշեցրել էր, որ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը մոտ մեկ տարի առաջ փորձել էր քննադատել Թուրքիայի նախագահ Գյուլին՝ ասելով որ նրա մոր արմատները հայկական են։

«Իր հերթին նախագահ Գյուլը անհանգիստ վիճակի մեջ էր՝ իր մոր հայկական ծագման հետ կապված քննարկումների պատճառով։ Պետությունը պետք է կանխարգելի հայ ինքնության դեմ տարածվող ռասիստական նկրտումները։ Ոչ միայն հայերի, այլեւ բոլոր էթնիկ խմբերի հանդեպ։ Վերջերս իր մահկանացուն կնքած հայտնի երաժիշտ Արամ Տիգրանիին արգելեցին թաղել Դիարբեքիրում՝ զուտ նրա ազգային ինքնության պատճառով»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

Ի դեպ, Իմրալի կղզում 1999 թվականից ցմահ դատապարտված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանը իր դատապաշտպանների միջոցով կոչ է արել թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (նախկին «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցությանը, որի արտակարգ համաժողովն է տեղի է ունեցել փետրվարի 1-ին, չլինել PKK-ի խոսափոխը, քանի որ PKK-ն զինված կազմակերպություն է եւ Թուրքիայում օրենքից դուրս է համարվում:

Օջալանը այս զգուշացումը հիմնավորել է նրանով, որ հենց PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով բազմաթիվ քրդական կուսակցություններ են փակվել, իսկ կուսակցություն բացել փակելը լավ արդյունքի չի հասցնի: «PKK-ն ունի ծանրակշիռ ուժ լեռներում եւ կարող է իր խոսքը ասել, իսկ քաղաքական կուսակցությունը խորհրդարանում պետք է օրինական ճանապարհով փորձի լուծել քրդերի խնդիրները: Եթե իրադարձությունները հասնեն մի հարմար կետի` այն ժամանակ „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցությունը կարող է միջնորդի դեր ստանձնել PKK-ի եւ թուրքական իշխանությունների միջեւ»,-նշել է իր ուղերձում Աբդուլահ Օջալանը: