Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի ժանդարմերիան Թաշբուրոն ավանի ժամանցային վայրերից մեկում գործողության արդյունքում ձերբակալել է մարմնավաճառության մեջ մեղադրվող Ադրբեջանի 2 եւ Ղըրղըզստանի 1 քաղաքացիների։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իգդիրի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ջոկատի կողմից ձերբակալված ադրբեջանցի կանանցից Գըզյեթեր Զ.-ն իրեն լուսանկարող լրագրողներին ասել է, թե ինքն իր երկրում լրագրող է, իսկ իրավապահներն իրեն անտեղի են ձերբակալել։
Պարզվել է նաեւ, որ մարմնավաճառության մեջ մեղադրվող Գըզյեթեր Զ.-ն անօրինական ճանապարհով է մտել Թուրքիա։
Ձերբակալված կանանց բժշկական հետազոտության են ուղարկել, որից հետո արտաքսել են Թուրքիայից։




























