ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել երկրի պատմության ամենամեծ ռազմական բյուջեն՝ 708 միլիարդ դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Այդ գումարը կազմում է հաջորդ ֆինանսական տարվա ողջ բյուջեի 20 տոկոսը: Փետրվարի 1-ին նախագահը ներկայացրել է ընդհանուր առմամբ 3,8 տրիլիոն դոլարանոց բյուջե:
Չնայած, որ դա ամենամեծ ռազմական բյուջեն է պատմության ընթացքում, նախորդ տարվա համեմատ ռազմական ծախսերի աճը կազմել է ընդամենը 4 տոկոս: Նշված գումարն օգտագործվելու է ամերիկյան զինվորների գլոբալ եւ տարածաշրջանային հակառակորդների դեմ պատրստելու համար, նաեւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար:
33 մլրդ դոլարը, որ կազմում է ռազմական բյուջեի բաղկացուցիչ մասը, գնալու է Աֆղանստան ուղարկվող 30 հազարանոց հավելյալ զորախմբի ծախսերին: Բյուջեում ծախսեր են նախատեսված նաեւ Պակիստանի զինված ուժերի ուսուցման ու սպառազինության համար:
Ընդ որում, բյուջեում կանխատեսվում է ռեկորդային դեֆիցիտ՝ 1,6 տրլիոն դոլար: Այս կերպ Օբաման ստիպված է հավասարակշռել, մի կողմից նա պատրաստվում է 100 միլիարդ ծախսել գործազրկության դեմ պայքարելու համար, մյուս կողմից կրճատել բյուջեի դեֆիցիտը:
« Ժամանակն է, որ Վաշինգտոնը գործի այն չափորոշիչներով, որոնցով ապրում են ընտանիքներն ու բիզնեսները: Ժամանակն է խնայել՝ ինչի վրա հնարավոր է եւ անհրաժեշտ է կրկին ապրել ունեցած միջոցներով»,- հայտարարել է Օբաման՝ հավելելով, որ նախատեսում է 2014թ. դեֆիցիտը կրճատել երկու անգամ:




























