Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009թ. նոյեմբերի 1-ին նույն հիմնարկի պետի հրամանով նշանակվել է հերթապահության: Ժամը 14-ի եւ 23-ի սահմաններում Գ.Մովսիսյանը համապատասխան ծառայությունների կողմից խցերում առաջացած շինարարական թերությունները վերացնելու համար հերթափոխի խմբի պատասխանատու հերթապահին դիմելու փոխարեն դատապարտյալ Ա. Եղոյանին տրամադրել է արգելված իրեր՝ մուրճ, հարթաշուրթ աքցան՝ իր պահպանությանն ու հսկողությանը հանձնված 002 խցում նորոգման աշխատանքներ կատարելու համար:
Դատապարտյալ Ա. Եղոյանը, օգտվելով հսկողության բացակայությունից եւ օգտագործելով իր տրամադրության տակ եղած մուրճը եւ հարթաշուրթ աքցանը, տեղահան է արել խցի պատուհանի պատի քարերը, կտրել է խցի արտաքին պատի մետաղացանցը եւ ազատազրկման վայրից դիմել փախուստի:
Սակայն նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:




























