2012թ. ընթացքում սահմանապահ մարմինները Հայաստանի պետական սահմանի 190-ից ավելի սահմանախախտների են բռնել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտնել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

Նշված ժամանակաշրջանում նաեւ սահմանապահական եւ սահմանային ռեժիմը խախտած 50 մարդ է ձերբակալվել: Երկու հազարից ավելի մարդու փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերվել, 550 մարդու արգելվել է սահմանն անցնել:

Ամենաշատ խախտումները՝ մոտ 160, հայտնաբերվել են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Դեպքեր են գրանցվել նաեւ Արմավիրի եւ Արտաշատի սահմանապահ ջոկատներում: Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ սահմանը խախտելու նպատակները հիմնականում կենցաղային են: Գյումրիի սահմանապահ ջոկատի տարածքում պահպանվում է անասունների մաքսանենգության սպառնալիքը, 2012թ. նման դեպքեր հայտնաբերվել եւ կանխվել են: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածք ահաբեկիչների ներխուժման սպառնալիքին, ապա, Սահմանապահ վարչության պետի խոսքով՝ սպառնալիք կա, բայց դրա չեզոքացման համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

Մոտ 150 միավոր սառը զենք է առգրավվել, նաեւ՝ հրազեն եւ զինամթերք: Թմրանյութերի մաքսանենգության դեպքեր են հայտնաբերվել: