Թերեւս ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ բռնապետությունն ու ավտորիտարիզմը տխմարության անսպառ աղբյուր են հանդիսանում:

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին օրենսդրորեն արգելել է իր անունն օգտագործել կատակներում ու անեկդոտներում: Տեքստային հաղորդագրություններում, էլեկտրոնային նամակներում ու բլոգներում երկրի նախագահին վերաբերող կատակներ անելու պարագայում դրանց հեղինակին սպառնում է մինչեւ 14 տարվա բանտարկություն: Գրում է «The Telegraph»-ը:

Պարբերականը նշում է, որ այդ միջոցները ձեռք են առնվել այն բանից հետո, երբ Զարդարիի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստը հեղեղվել են նախագահին ծաղրող նամակներով: Նոր օրենքին հետեւելու է հետաքննությունների դաշնային գործակալությունը (FIA):

Ինչպես հայտնել է Պակիստանի ՆԳ նախարար Ռեհման Մալիքը, ասյուհետ FIA-ն զբաղվելու է մարդկանց փնտրտուքով, որոնք կհամաձրակվեն կատակել ու ծաղրել նախագահին: Նման դեպքում ծաղրողը կդատապարտվի 14 տարվա ազատազրկման, իսկ նրա ունեցվածքը կբռնագրավվի:

Մարդու իրավունքների համար պայքարող կազմակերպությունները դատապարտել են նոր հրամանագիրը, այն անվանելով «չարդարացված խիստ ու ավտորիտար»: Իր հերթին, Զարդարիի կողմնակիցները օրենքը հիմնավորում են պետության թշնամիների ու տեռորիզմի դեմ պայքարով: