Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչեւ  3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ: Ավագանու որոշմամբ  Երեւան քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում  օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է` 200.000 դրամ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ավագանու որոշմամբ Երեւան քաղաքի վարչական տարածքում  հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 18000  դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 15000  դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար` 12000  դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար`9000 դրամ,

5) 3-րդ գոտու համար` 6000 դրամ,

6) 4-րդ գոտու համար` 4000 դրամ:

Նույն որոշմամբ Երեւան քաղաքի վարչական տարածքում  ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 3000  դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2700  դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար` 2500  դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2000  դրամ,

5) 3-րդ գոտու համար` 1500  դրամ,

6) 4-րդ գոտու համար` 1000  դրամ:

Երեւանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաեւ  Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն  հանդիսացող  ընդհանուր  օգտագործման  փողոցներում  եւ հրապարակներում  վճարովի  ավտոկայանատեղ  կազմակերպելու  իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով  իրականացված  մրցույթի  արդյունքում  հաղթող  ճանաչված  ֆիզիկական  կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին որոշման նախագծին: Նույն որոշմամբ սահմանվել են նաեւ ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների ձեռքբերման պայմանագրի հիմնական պայմանները:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Երեւանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի զարգացման 2013թ. ծրագրին, որը ներառում է Երեւանի սոցիալ-տնտեսական  վիճակը,  ինչպես  նաեւ  զարգացման  հիմնական ուղղությունների,  տարածական  պլանավորման  եւ  ենթակառուցվածքների  ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաեւ Երեւան քաղաքի 2013թ. բյուջեն, համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,665,941.7 հազ. դրամ, ինչը 3.17%-ով գերազանցում է Երեւան քաղաքի 2012թ. բյուջեով նախատեսված նույնանուն ցուցանիշը, իսկ 2011 թվականինը՝ 28.4%-ով: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,410,074.4 հազ. դրամ՝ 2012 թվականի նախատեսված (ճշտված) 19,729,869.5 հազ. դրամի դիմաց, ինչը, սակայն, շուրջ 45.2%-ով կամ 6,045,108.5 հազ. դրամով ավել է 2011 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Նախատեսվող դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 400,000.0 հազ. դրամ։ Ավագանու ինչպես ՀՀԿ, այնպես էլ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները դրական են գնահատել բյուջեի նախագիծը՝ առանձնացնելով ոչ միայն աճի միտումները, այլեւ ընդգծելով վերջինի սոցիալական, ինչպես նաեւ մշակութային կյանքի բարելավման ուղղվածության շեշտադրումները:

Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի առաջարկությունը՝  Երեւանի ավագանու որոշմամբ գույքահարկի արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության  եւ  Լեռնային  Ղարաբաղի  պաշտպանության  մարտական գործողությունների  ընթացքում  վիրավորված  եւ  ստացած վնասվածքներից`  հաջորդող տարիների ընթացքում,  մահացածների ընտանիքների,  Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամների համար,  ովքեր  գույքահարկով  հարկվող  օբյեկտ  համարվող  բնակելի  նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը: Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության  դեպքում  որոշումը  տարածվում  է  այդ  շինություններից  մեկի նկատմամբ`  ըստ  գույքահարկի  արտոնություն  ստացած  անձի  կամ  նրա  ընտանիքի ցանկության:

Հաշվի  առնելով  Երեւանի  քաղաքապետի  եզրակացությունը,  ինչպես նաեւ հիմք  ընդունելով Հայաստանի նկարիչների միության գրությունը, Երեւան քաղաքի ավագանին որոշել է գույքահարկի գծով արտոնություն տրամադրել նաեւ Հայաստանի  նկարիչների  միության  անդամ  նկարիչներին  սեփականության իրավունքով  պատկանող`  գույքահարկով հարկվող  օբյեկտ  համարվող,  Երեւան  քաղաքի վարչական  տարածքում  գտնվող  շինությունների  (ստեղծագործական արվեստանոցներ) մասով:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաեւ օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:

Ամփոփելով ավագանու 8-րդ նստաշրջանի աշխատանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս համատեղ ուժերով ու նույն նվիրումով յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա Երեւանի զարգացման ու երեւանցիների բարօրության ապահովման գործում: Առիթից օգտվելով քաղաքապետը նաեւ շնորհավորել է քալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: