NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանի տնտեսական կյանքի 10 կարեւորագույն իրադարձությունների սեփական տարբերակը.
1. Դրամի արժեզրկումը: 2012 թ. կարեւորագույն տնտեսական իրադարձությունն է: 2012 թ. սկզբի 385 դրամի համեմատ դոլարի փոխարժեքը մայիսին գերազանցեց 400 դրամը, իսկ հուլիսին մոտեցավ 420 դրամին: Դրամի արժեզրկումը կազմում է մոտ 9%: 2003 թ. հետո սա դրամի ամենախոշոր արժեզրկումն է: Հայաստանի տնտեսական իշխանություններն առաջին անգամ ընդունեցին, որ փոխարժեքը լուրջ գործոն է տնտեսական կյանքում: Արտահանումը խրախուսելու եւ ներքին շուկան պաշտպանելու գործում փոխարժեքի դերն ավելի մեծ է, քան կառավարության բոլոր ծրագրերը միասին վերցրած:
2. Ազատ տնտեսական գոտու հիմնումը: «ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում եւ Երեւանի մաթեմատիկական ինստիտուտի տարածքներում առաջին ազատ տնտեսական գոտին արդեն նոյեմբերից ընդունում է հայտեր: Թեեւ ազատ տնտեսական գոտին դեռ լուրջ ազդեցություն չունի Հայաստանի տնտեսական կյանքի վրա, այնուամենայնիվ` սա հեռանկարային ծրագիր է: Առաջիկայում սպասվում են ազատ գոտիների հիմնում ոսկերչության համար եւ գյուղմթերքների արտահանման համար («Զվարթնոց» օդանավակայանի տարածքում):
3. Մակրոտնտեսական կայունություն: Հայաստանին հաջողվել է 2012 թ. հասնել մակրոտնտեսական կայունության` մոտ 7 % տնտեսական աճի պայմաններում: Հայաստանի տնտեսական աճի տեմպը ամենաբարձրերից մեկն է տարածաշրջանում, իսկ գնաճը` ամենացածրերից մեկը (սպասվում է, որ 2012 թ. գնաճը կլինի 4%-ի շրջանակներում): 2012 թ. հաջողվել է նաեւ նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3%-ից ցած:
4. Խոշոր ներդրումային նախագծերի մեկնարկ: 2012 թ. մեկնարկեցին 2 խոշոր ներդրումային նախագծեր` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի եւ Մեղրու հէկ-ի շինարարությունները: Երկու դեպքում էլ հիմնական աշխատանքները կիրականացվեն առաջիկա տարիներին, ինչը կարող է էապես ազդել ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա:
5. Միջազգային ինտեգրում: 2012 թ. աննախադեպ էր միջազգային կազմակերպություններին ինտեգրվելու գործընթացների արագացման, ինչպես նաեւ դրանց շուրջ բանավեճերի սրացման առումով: ՀՀ Ազգային Ժողովը սեպտեմբերին վավերացրեց ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որ կառավարության ղեկավարների մակարդակով ստորագրվել էր դեռ 2011 թ.: Սակայն Հայաստանը բացասաբար է մոտենում Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային միություն ստեղծելու նախաձեռնություններին, ինչի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի հայտարարություններ արեց: Փոխարենը` ակտիվացել են Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները: Կարծիքներ կան, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանն առաջիկա 2-3 տարում կկնքի այդ համաձայնագիրը: Իսկ մինչ այդ Հայաստանն ու ԵՄ հասել են վիզային ռեժիմի դյուրացման` Հայաստանն ընդհանրապես հանել է վիզայի պահանջը, իսկ ԵՄ-ն Շենգենյան գոտի մուտք գործելու համար կիրառելու է պարզեցված ընթացակարգեր:
6. Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց 10 տարով: Ապրիլին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց երկարացնելու Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եւս 10 տարով: Ըստ ատոմակայանի շահագործման լիցենզիայի պայմանների` 2-րդ էներգաբլոկը պետք է շահագործվեր մինչեւ 2016 թ. սեպտեմբերի 1-ը, սակայն, հաշվի առնելով ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության ձգձգումը, կառավարությունը որոշել է երկարաձգել գործող էներգաբլոկի «կյանքը»:
7. Բնապահպանական ակտիվություն: 2012 թ. աննախադեպ էր բնապահպանական կազմակերպությունների ակտիվությամբ եւ դրանով պայմանավորված` պետական մարմինների մի շարք որոշումների փոփոխմամբ: Այսպես` բնապահպանների ջանքերի շնորհիվ դադարեցվեց Թռչկանի ջրվեժի մոտ հէկ-ի կառուցումը, Երեւանի Մաշտոցի պողոտային կից այգու տարածքում առեւտրի կրպակների շինարարությունը: Բնապահպաններն իրենց ազդեցությունն ունեցան նաեւ Քաջարանի հանքի ընդլայնման ծրագրի կասեցման եւ այլ ծրագրերի դադարեցման կամ ժամանակավոր կասեցման հարցերում: Բնապահպանական շարժումների արձանագրած հաջողությունները նոր իրողություն են Հայաստանի տնտեսական կյանքում եւ ստիպում են պետական մարմիններին` առավել ուշադիր լինել հանքերի շահագործման կամ բնապահպանական ռիսկեր առաջացնող մյուս որոշումների ընդունման ժամանակ:
8. Doing Business. Հայաստանի վարկանիշը Doing Business-2013-ում նախորդ տարվա համեմատ բարձրացավ միանգամից 18 կետով: Հայաստանի ներկայիս 32-րդ տեղը լավագույնն է ԱՊՀ-ում եւ Հայաստանի պատմության ընթացքում: Կառավարությունն, ընդհանուր առմամբ, որդեգրել է տնտեսական միջավայրի բարելավման քաղաքականություն, ինչն արտացոլվում է վարչարարության պայմանների թուլացմամբ (փոքր բիզնեսի ազատում ավելացված արժեքի հարկից, հարկային հաշվետվությունների թվի նվազում, գրանցումների հեշտացում, նոտարական գործառույթների ազատականացում եւ այլն):
9. «Արմավիա»-«Զվարթնոց» վեճը. «Արմավիան» այս տարի մի քանի անգամ դադարեցրեց թռիչքները` «Զվարթնոց» օդանավակայանի հետ ունեցած խնդիրների պատճառով: Ի վերջո` «Արմավիան» մարեց «Զվարթնոցին» պարտքերի մի մասը եւ կարողացավ համաձայնության գալ սպասարկման վարձերի հետ կապված: Սակայն «Արմավիայի» խնդիրները դրանով չվերջացան: Ընկերությունը փաստորեն հանված է վաճառքի, բացի այդ` 2012 թ. վերջին տարին է, երբ «Արմավիան» օգտվելու է մենաշնորհից` որպես «ազգային փոխադրող»:
Փոխարենը «Զվարթնոցը» գործարկեց VIP ժամանակակից կոմերցիոն սրահը` փաստորեն ավարտին հասցնելով օդանավակայանի բարեկարգման ծրագիրը:
10. Գյուղատնտեսական տարին հաջող էր: 2012 թ. ամենահաջողված գյուղատնտեսական տարին էր վերջին տասնամյակում: Եղանակային պայմանները բարենպաստ էին, ինչն էլ նպաստեց աննախադեպ բարձր բերքին: Հանրապետությունում հավաքվեց խաղողի, ծիրանի, այլ կորիզավորների, բանջարաբոստանային կուլտուրաների աննախադեպ բարձր բերք, սակայն որոշ բացասական միտումներ դրսեւորվեցին անասնապահության ոլորտում (կերևի պակաս եւ թանկություն, անասունների զանգվածային մորթ): Ընդհանուր առմամբ` այս տարի գյուղմթերքների շուկան էժան էր, եւ սոցիալական լարվածության առիթ չհանդիսացավ:
Պատրաստեց` Սամվել Ավագյանը




























