Բելգիայի թագավոր  Ալբերտ Երկրորդին պահելու համար 300 հազար եվրոյով ավելացրել են ծախսերը. 2013 թվականին պետությունը միապետին պահելու համար կծախսի ավելի քան 11,5 միլիոն եվրո։ Դրա 70%-ը կլինի միապետին ծառայողների աշխատավարձը։

Բելգիայի Դաշնային Կառավարությունը ավելի վաղ որոշում էր ընդունել՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում 2012-2013 թվականներին սառեցնել բելգիական թագավորական ընտանիքի անդամների դոտացիաները՝ բացառությամբ միապետի։ Իշխանությունների որոշումը վերաբերվում է ինչպես ժառանգորդ արքայազն Ֆիլիպին, այնպես էլ այրիացած թագուհի Ֆաբիոլին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ միապետը մտադիր է ֆինանսական «շահույթը» ներդնել պալատի անշարժ գույքի վերանորոգման մեջ, որը օրենքով պետք է կատարեր պետությունը։

Ալբերտ Երկրորդը Բելգիայում սկսել է կառավարել 1993 թվականից, երբ մահացել է Բոդուեն Առաջինն, որը ժառանգորդ չուներ։ Բելգիայի սահմանադրության համաձայն, միապետը հիմնականում կատարում է ներկայացուցչական գործողություններ, իսկ իրական իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում: