Ամերիկացին վիճակախաղում շահել է 2,1 միլիոն դոլար՝ գնելով ոչ այն տոմսը, որը ցանկանում էր: Նյու Հեմփշիրի 48-ամյա բնակիչ Սքոթ Բենեթը ցանկացել է երկու տարբեր վիճակախաղի տոմս գնել, սակայն վաճառողը նրան նույն վիճակախաղի երկու տոմս է տվել:
Դեկտեմբերի 21-ին հաղթողի ընտանիքին մրցանակ են շնորհել, նա անձամբ չի կարողացել մասնակցել հանդիսավոր արարողությանը եւ մամուլի ասուլիսին, քանի որ աշխատանքի է եղել: Հաջողակ ամերիկացու կինը` 47-ամյա Քեթի Բենեթը, ասել է, որ այժմ բարեկամներն ավելի շատ նվերներ կգտնեն տոնածառի տակ:
Vesti.ru-ն հայտնում է, որ ընտանիքի ղեկավարն այնքան է բարկացել իրեն այլ տոմս վաճառելու համար, որ նույնիսկ չի նայել հեռուստաշոուն, որտեղ հայտարարել էին հաղթողին: Բենեթի ավագ որդի Թրեւիսը հորը գրություն է թողել, տղամարդն ստուգել է երջանիկ տոմսը: Երբ ամուսինները հասկացել են, որ հաղթել են, ընտանեկան տոն են կազմակերպել:
Խանութը, որտեղից գնվել էր երջանիկ տոմսը, նույնպես պարգեւ կստանա` 21,5 հազար դոլար: Այդ գումարը կբաժանեն աշխատակիցներին:





























