Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, վերջին օրերին խոսակցություններ են տարածվել՝ մշակույթի ոլորտում «հարձակման» մասին: Խոսքը գրադարաններում, պարային համույթներում, երաժշտական դպրոցներում, այլ մշակութային կազմակերպություններում զանգվածային կրճատումների մասին է:

Խնդիրը պարզաբանելու համար NEWS.am-ի թղթակիցը դիմել է Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանին: «Ներկայումս տվյալ ոլորտում օպտիմալացման կամ վերակազմակերպման ծրագիր չի նախատեսվում»,-վստահեցրեց նա, ընդգծելով, որ ոչ ոք չի պատրաստվում նեղացնել մշակույթին:

Զոհրապ Եգանյանը հավելել է, որ Գյումրիի քաղաքապետարանը բաց է աշխատում լրատվամիջոցների հետ եւ նման պլանների առկայության դեպքում անպայման տեղեկատվություն կտրամադրեր:

Այդուհանդերձ, Գյումրիից ստացված տեղեկատվության համաձայն, քաղաքի բնակիչները հակված են կարծել, որ քաղաքապետարանում «վատ նախագծեր» են մշակվում: Այդ կապակցությամբ, այսօր մշակույթի գործիչների խումբը այցելել է քաղաքապետարան եւ պահանջել հրաժարվել ոլորտն «ունեզրկելու» նախաձեռնություններից: Ի պատասխան, փոխքաղաքապետ Գ. Մալխասյանը հայտարարել է, որ գաղափարը պատկանում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Արտաշ Կարապետյանին, այլ ոչ թե քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինս, ըստ Մալխասյանի, տեղյակ չէ նման նախաձեռնության մասին:

Հատկանշական է, որ տեղական երկու հեռուստաալիքներ ցուցադրել են քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին պատմող ռեպորտաժը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ է ընտրվել այս տարվա աշնանը: