Մեծ Բրիտանիայի բնակիչներն այս տարի Ծննդյան տոներին ավելի քան 2,1 ֆունտ սթերլինգի (3,4 մլրդ դոլար) անօգուտ նվերներ են ստացել: Նման տվյալներ է հրապարակել հայտնի «Համթրի» հայտարարությունների կայքը՝ սոցիոլոգիական հարցումների համաձայն:
Յուրաքանչյուր հասուն բրիտանացի միջինն ստացել է երկուական նվեր՝ յուրաքանչյուրը 43 ֆունտ (69 դոլար), որոնք այդպես էլ չի օգտագործել: Վերջերս ԵՄ 10 երկրներում «Սայթսեյվերս» բարեգործական կազմակերպության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 31 տոկոսը դժգոհ է, որ Ամանորին զուգարանային պարագաներ են նվեր ստանում:
Վատ նվերների վարկանիշի երկրորդ տեղում հուշանվերներն են, օրինակ փուփուլիկով կարմիր գլխարկներ: Հարցվածների 23 տոկոսը չի ցանկացել նման նվեր ստանալ
Երրորդ տեղում (17 տոկոսով) զբաղեցրել են շարֆերը, կաշվե ձեռնոցներն ու գլխարկները: Բրդյա սվիտերներից հրաժարվել է հարցվածների 14 տոկոսը, գրքերից՝ 13 տոկոսը, շոկոլադե կոնֆետներից՝ 12 տոկոսը, գուլպաներից՝ 11 տոկոսը, իսկ հողաթափերից ու կոմպակտ դիսկերից՝ 9 տոկոսը: Ընդ որում, ամենաանհաջող նվերները տալիս են ընկերներն ու գործընկերները, ինչպես նաեւ սկեսուրներն ու զոքանչները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հատկանշական է, որ հարցվածների միայն երկու տոկոսն է պատրաստ անկեղծորեն խոստովանել, որ նվերն իրեն դուր չի եկել: Ավելին, բրիտանացիների 2/3-ը ձույց են տալիս, թե շատ են ուրախացել նվերից:
Բրիտանացիներն այդպիսի նվերները հաճախ փորձում են վերադարձնել խանութին կամ վաճառել համացանցում: Հարցվածների 20 տոկոսն անօգուտ նվերները նվիրում է իր ծանոթներին, եւս 20 տոկոսը դրանք թողնում է տանը՝ ձեղնահարկի փոշիների մեջ:





























