Մեծ Բրիտանիայում կենդանի մեռյալների հարձակման դեպքում զինվորականների գործողությունների համակարգմամբ կզբաղվի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այլ ոչ թե պաշտպանության նախարարությունը: Նման պատասխան է ստացել զոմբիների հարձակման դեպքում իշխանությունների գործողությունների վերաբերյալ ռազմական գերատեսչություն պաշտոնական հարցմամբ դիմած բրիտանացին:
«Ապոկալիպտիկ դեպքերում (օրինակ՝ զոմբիների հարձակումը) բոլոր ծրագրերի մշակմամբ կզբաղվի կառավարության քարտուղարությունը, հետեւաբար, նաեւ այդ բոլոր գործողությունների կառավարումն էլ տեղի կունենա հենց այնտեղ», - պարզաբանել են ռազմական գերատեսչությունում, գրում է The Telegraph-ը:
«Նման դեպքում պաշտպանության նախարարությունը պետք է ռազմական աջակցություն տրամադրի քաղաքացիական իշխանություններին, այլ ոչ թե ղեկավարի գործողությունը», - ասվում է պատասխանում:
Gazeta.ru-ն նշում է, որ իշխանություններն առաջին անգամ չէ, որ պատասխանում են զոմբիների մասին հարցերին, որոնք բրիտանացիներն իրավունք ունեն ուղարկելու կառավարություն:





























