Շվեյցարիան հանդիսանում է ոչ միայն Եվրոպայի, այլեւ ամբողջ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը. շվեյցարական պանիրը եւ շոկոլադը լավ հայտնի են իրենց որակով, բայց պարզվել է, որ երկրի որոշ շրջաններում վաղուց գոյություն ունի խոհանոցային ոչ այդքան սովորական ավանդույթ: Շվեցարական Tages Anzeiger թերթը հաղորդել է այդ երկրի Կենդանիների պաշտպանության ընկերակցության բողոքի հիման վրա արված լրագրողական հետաքննության արդյունքները: Ինչպես հաղորդել է պարբերականը, իր աշխատակիցները սկզբում չեն հավատացել կենդանիների համար պայքարողների այն հաղորդագրություններին, թե Շվեյցարիայի կենտրոնական եւ արեւելյան գյուղատնտեսական որոշ բնակավայրերում (որտեղ բնակվում են հիմնականում գերմանալեզու քաղաքացիներ), հասարակությունը որսում է շներ եւ կատուներ` միսը որպես սնունդ օգտագործելու համար: Հասկանալի է, որ դա տեղական ավանդույթ է, այլ ոչ թե սովից դրդված հարկադիր քայլ, հաղորդում է «Զդորովիե Ուկրաինի»-ն:

Հատկապես հանրահայտ են Շվեյցարիայի Ապենցել եւ Սանկտ Գալեն բնակավայրերում` մարդու կողմից ընտելացված առաջին կենդանիների մսից պատրաստված կերակուրները: Այստեղ տեղի բնակիչները «որպես մսացու» մեծացնում են նույնիսկ հատուկ տեսակի շներ, որոնք հանդիսանում են ռոտվեյլերների մերձավոր ցեղակիցներ: Շների եւ կատուների մսերի չորացումն ու ապխտումը բնակիչներն անում են իրենք եւ կատարում են նաեւ տեղի խոհանոցների պատվերներ:

Դեռ մի քանի տարի առաջ, կենդանիների հանդեպ կոպիտ վերաբերմունքի դեմ տեղի պայքարողները հավաքել էին ավելի քան 6000 ստորագրություն` պահանջելով շների եւ կատուների միս ուտելն եւ կենդանիներին խոհանոցային նպատակներով օգտագործելն արգելող օրենք ընդունել, սակայն Շվեյցարիայի օրենսդիրները չեն ցանկացել այդպիսի օրինագիծ քննարկել, քանի որ «ազատ երկրում սննդի նախընտրությունը յուրաքանչյուրի անձնական գործն է»: