Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքոլը, ում Իսրայելի փոխարտգործնախարարը կանչել եւ ավելի ցածր աթոռին էր նստեցրել` որոշել է հեռանալ Իսրայելից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber-ը` վկայակոչելով իսրայելական Yedioth Ahronoth թերթին:
Ըստ իսրայելական դիվանագիտական աղբյուրների՝ Չելիքոլը աթոռային պատմությունից հետո որոշել է լքել Իսրայելը եւ որեւէ եվրոպական երկրում դեսպան նշանակվել: Իսրայելական կողմը այդ կապակցությամբ Թուրքիայից սպասում է պաշտոնական հայտարարության եւ նոր դեսպանի նշանակմանը:
Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռին նստեցրած Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը ափսոսանք է հայտնել թուրք դեսպանի հավանական հեռանալու փաստի հետ կապված եւ հույս հայտնել, որ դա չի ազդի թուրք-իսրայելական հարաբերությունների վրա:
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի կապակցությամբ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։




























