Ընդդիմադիր «Դաշինք Վրաստանի համար» շարժման առաջնորդ Իրակլի Ալասանիան ճանաչողական հանդիպում է անցկացրել Թբիլիսիի հայերի ասամբլեայի անդամների հետ: Այդ մասին հաղորդում է «Կավկազ պրեսը»:

Ինչպես հայտնել է Ալասանիան՝ լրագրողների հետ հանդիպմանը, իր համար կարեւոր է Թբիլիսիի հայերի մշակույթի եւ ինքնության պահպանումը եւ այդ պատճառով էլ որոշել է ավելի մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին: «Մենք կծանոթանանք նրանց խնդիրների հետ, եւ դրանից հետո առավել հեշտ կլինի կոնկրետ գաղափարներ առաջադրել, որոնք մտադիր ենք իրականացնել քաղաքապետարանի ղեկավարությունը ստանձնելու դեպքում»,- հայտարարել է Ալասանիան:

Թբիլիսիի հայերի ասամբլեան մտադիր է ընտրություններում առաջադրել իր թեկնածուներին: Թբիլիսիի հայերը թեկնածուներ են առաջադրելու Վրաստանի մայրաքաղաքի այն չորս հատվածներում, որտեղ հայեր են բնակվում՝ Ներքին Հավլաբարում, Երրորդ զանգվածում, Ութերորդ Լեգիոնում եւ Էլիայում:

Թբիլիսիի քաղաքային սաքրեբուլոյի առաջին ընտրությունները կայանալու են մայիսի վերջին: 25 պատգամավոր ընտրվելու է համամասնական, նույնքան էլ՝ մեծամասնական ընտրակարգով: